Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ապրիլի 25-ի տվյալներով, Չինաստանում գրանցվել է գրիպի նոր, H7N9 ենթատիպից վարակման 109 դեպք, որոնցից 22-ը` մահացու ելքով: Այդ մասին ապրիլի 29ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով, H7N9-ը բնորոշ է թռչունների համար, սակայն լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ վարակը տարածվում է նաեւ մարդկանց շրջանում: «Վարակը մարդուց մարդուն փոխանցելու դեպքեր չեն գրանցվել»,- հավելել է նա:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ այդ վիրուսի վտանգը կայանում է նրանում, որ մարդկային օրգանիզմը դեռ ծանոթ չէ դրա հետ. «Այդուհանդերձ, H7N9 վիրուսը բավական զգայուն է հակավիրուսային դեղամիջոցներին, որ մինչ օրս կիրառվել են»: Թորոսյանը կոչ է արել վարակման դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել եւ դիմել բժշկի:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























