Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցին, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը եւ Բուհերի հոգեւոր հովվությունը ապրիլի 30-ին կվերսկսեն Հայ առաքելական եկեղեցու դավանաբանության, ծեսերի եւ խորհուրդների, Աստվածաշունչ կարդալու մշակույթի վերաբերյալ հինգ դասախոսություններից բաղկացած հոգեւոր-ճանաչողական դասընթացն, այս անգամ` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից հայտնում են, որ փորձնական առաջին դասընթացը մեկնարկել էր դեռեւս անցյալ տարի Երեւանի պետական համալսարանում, եւ ուսանողների շրջանում հարցման արդյունքում հաստատվել էր այն շարունակաբար տարբեր բուհերում անցկացնելու անհրաժեշտությունը:
Դասընթացը կվարի Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տէր Եսայի քահանա Արթենյանը: Հիմնական դասանյութին զուգահեռ` քահանայի հետ անմիջական քննարկումների միջոցով անդրադարձ կկատարվի նաեւ երիտասարդությանը հուզող խնդիրներին եւ քրիստոնեական տեսանկյունից դրանց լուծման հնարավորություններին: Դասընթացը կամփոփվի ուխտագնացությամբ, ինչն առավել կամրապնդի երիտասարդների շփումը Մայր Եկեղեցու եւ հոգեւորականների հետ:




























