Սիրիական հակամարտության մեջ զանգվածային խոցման զենքի թեմայի օգտագործումը տարածաշրջանում որեւէ մեկի աշխարհաքաղաքական նպատակների իրականացման համար անթույլատրելի է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեւի կան այնպիսի պետություններ, որոնք կարծում են, որ սիրիական ռեժիմը տապալելու համար բոլոր միջոցներն արդարացված են: Բայց զանգվածային խոցման զենքի թեման շատ լուրջ է: Դրա հետ պետք չէ կատակ անել»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, նախարարը հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ մարտի 19-ին Հալեպի մոտ, «ինչպես արդեն բոլորը համամիտ են դրա հետ», թունավոր նյութեր են օգտագործվել, Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ այնտեղ մի խումբ փորձագետներ ուղղարկելու խնդրանքով: Գլխավոր քարտուղարը նույն օրը հրապարակայնորեն հայտարարել է, որ այդ խնդրանքը պետք է բավարարել: Ցավոք սրտի, նշել է Լավրովը «ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի անդամ որոշ երկրների ճնշման տակ, որոնք առաջնորդվել են ոչ այնքան բարեխիղճ սկզբունքներով», այդ որոշումը փոխարինվել էր ՄԱԿ-ի տեսուչներին Սիրիայի ցանկացած տարածք մտնելու թույլտվություն տալու պահանջով: «Ընդ որում գլխավոր քարտուղարը դա պատճառաբանում էր նրանով, որ անհրաժեշտ է ստուգել նաեւ թունավոր միջոցներ գործադրելու այլ հայտարարությունները, մասնավորապես դեկտեմբերյան դեպքը, որի մասին բոլորը վաղուց մոռացել էին»,-նշել է Լավրովը: