Հայ ազգային կոնգրես կուսակցութունում, կատարելով ուսումնասիրություն, կազմել են նամակ եւ դիմել դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա շեշտեց, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք մի թալանչիի հետ, ով վերջին տարիներին զբաղված էր մարդկանց թալանելով։ «Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որեւէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում, նկատի ունենք Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց նա։
Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ դատելով հայտարարագրերից՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է թաղապետ աշխատելու տարիներին, իսկ ներկայացված հայտարարագրերում չի նշվում այն աղբյուրը, որով ավելացել են իր եկամուտները, նա ոչ ժառանագություն է ստացել, ոչ կողմնակի եկամուտ ունի, ոչ էլ ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած եկամուտ։ «Որեւէ աղբյուր, որը կարողանար հիմնավորել նման ունեցվածքի առաջացումը, երբ Տարոն Մարգարյանը աշխատել է որպես պաշտոնատար անձ, գոյություն չունի»,- ասաց նա։
Լեւոն Զուրաբյանը տվյալներ ներկայացրեց Տարոն Մարգարյանի տարբեր տարիներին ԿԸՀ ներկայացված հայտարարագրերից։ Օրինակ՝ 2005թ նա հայտարարագրել է 7 մլն դրամ, 2007թ հայտարարագրել է 64 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ ոսկյա իրերի նվիրատվություններից 80 միլիոն դրամ եկամուտ, իսկ 2013թ՝ 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո, տասնյակ բնակարաններ, մեքենաներ, բաժնետոմսեր եւ այլն։ «Այդ բոլոր տարիներին Տարոն Մարգարյանն աշխատել է որպես պաշտոնատար անձ, որեւէ օրինական աղբյուր, որով կարող էր ունենալ եւ հայտարարագրել նման ունեցվածք, գոյություն չունի, այստեղից հետեւում է, որ այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով, այլընտրանք չի կարող լինել, ոչ միայն ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, թաքցվել է այդ գույքի ձեռքբերման աղբյուրը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այժմ քայլը ՀՀԿ-ինն է եւ Տարոն Մարգարյանինը, որպեսզի նրանք պատասխան տան բարձրացված հարցերին։ ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ իրենք չեն կարծում, թե դատախազությունը մինչեւ ընտրություններ կարձագանքի, բայց ուզում են լինել թափանցիկ ժողովրդի հետ։
ՀԱԿ փոխնախագահը նկատեց, որ իրենք սիրով ընդունել են ՀՀԿ-ի խորհուրդը եւ սիրով կատարում են այն, դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել եւ այս անհերքելի փաստերի հիման վրա պատասխանատվության կանչել նրան:




























