Երեւանի ավագանու ընտրությունները վերահսկելու հարցում Հայ ազգային կոնգրեսը հետաքրքրություն է տեսնում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից, ինչը չի բացառում, որ ինչ-որ պահի նման քննարկումներ կունենան նաեւ «Ժառանգության» հետ։

Այս մասին այսօր՝  ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Անդրադառնալով ոստիկանի՝ լրագրողի վրա հարձակվելու դեպքին՝ նա նշեց, որ դա իրենց համար ուղղակի ծիծաղելի արձագանք է։ «Եթե ոստիկանությունը պատժելով ընդունում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, որին ներկա ոստիկանները չեն արձագանքել, չեն կատարել իրենց պարտականությունները հենց ծառայողական քննություն անցկացնելու փաստով ընդունել են, որ նման դեպք տեղի է ունեցել, ինչի՞ նույն ոստիկանությունը չի զբաղվում ծեծի հեղինակին պատժելու հարցով, որովհետեւ դա ՀՀԿ ավագանու թեկնածու է։ Ոստիկանությունն իրականում զբաղված է այս հանցագործությունը կոծկելով, փորձում է ՀՀԿ-ից հեռու պահել այս հանցագործության հետեւանքները։ Իսկապես, Վլադիմիր Գասպարյանը եւ ոստիկանությունը ստանձնել է ոչ թե հասարակական կարգի, օրենքի պահպանման գործառույթներ, այլ այս ռեժիմին, Սերժ Սարգսյանին հրեշտակ պահպանելու գործառույթը։ Ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, իրեն պահում է Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի անվտանգության ծառայությունն իրականացնելով»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։