Երեւանում, այսօր՝ ապրիլի 29-ին, «ՄԱԿ-ում անգլերենի օրվան» նվիրված միջոցառում է կազմակերպվել, որի նպատակն է նպաստել ՄԱԿ-ում մշակութային ու լեզվական բազմազանությանը, ինչպես նաեւ բարձրացնել երիտասարդների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների կարեւոր դերի վերաբերյալ: Որոշ հաշվարկներով ավելի քան 500 միլիոն մարդ աշխարհում անգլերեն լեզվի բնիկ կրողներ են: Անգլերենն աշխարհում տաս ամենաշատ խոսվող լեզուներից է:
Ավելի քան 100 ուսանողներ երգերով ու այլ կատարումներով մասնակցել են անգլերենը ներկայացնող միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժանմունքի հետ համատեղ: Միջացառմանն աջակցում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը եւ Հնդկաստանի, Միացյալ Թագավորության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատները:
ՄԱԿ- ի Մշտական համակարգող / ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հնդկաստանի դեսպան Թ. Սուրեշ Բաբուն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը եւ Երեւանի պետական համալսարանի Ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեցին ՄԱԿ-ում անգլերենի օգտագործման, անգլիական ավանդույթների, մշակույթի եւ Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:
ՄԱԿ-ի Մշտական համակարգող / ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ասել է. «Անգլերենը գեղեցիկ ու հարուստ լեզու է եւ շատ կարեւոր դեր է խաղում ՄԱԿ-ի ուղերձն աշխարհում տարածելու գործում: ՄԱԿ-ի յուրաքանչյուր փաստաթուղթ կամ ելույթ թարգմանվում է անգլերեն: Օգտագործվող բառապաշարը նույնքան լայն է, որքան աշխարհում առկա խնդիրները՝ սկսած քաղաքական խնդիրներից մինչեւ իրավական հարցեր, կլիմայական փոփոխություններից մինչեւ մարդու իրավունքներ, ֆինանսներից եւ կառավարումից մինչեւ տնտեսական եւ հասարակական զարգացման հարցեր: Ահա թե ինչու, ես այսքան ուրախ եմ հայ երիտասարդների մեջ տեսնել մեծ հետաքրքրություն անգլերեն լեզվի նկատմամբ, որի իմացությունը կախարդական բանալու պես կբացի անթիվ նոր հնարավորությունների դռներ»:
Միջոցառման կազմակերպիչները եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից ստացել են հատուկ շնորհակալական վկայականներ:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ-ի ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը՝ որպես մի նախաձեռնություն, որը նպատակ ունի նշել բազմալեզվությունը եւ մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի ՀՏՎ երեւանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը:




























