Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) խոսնակ  Ուսամա ան- Նուջեյֆին պահանջել է երկրի կառավարության հրաժարականը` վարչապետ Նուրի ալ-Մալիքիի գլխավորությամբ: Նա նաեւ կոչ է արել` երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, ան-Նուջեյֆին իր պահանջները բացատրել է նրանով, որ երկիրը «չափազանց վտանգավոր ճգնաժամ» է ապրում: Խոսնակն առաջարկել է ժամանակավոր գրասենյակ ձեւավորել, որը կզբաղվի նոր ընտրությունների պատրաստմամբ եւ իրականացմամբ:

Իրաքում դրությունը լարվել է, երբ ապրիլի 23-ին կառավարական զորքերը Բաղդադից հարավ գտնվող Էլ Հուվեյջում ցրել են բողոքի ելած սուննիների ճամբարները: Ընդհարումների ժամանակ զոհվել է մոտ 50 մարդ, իսկ հարյուրից ավելի մարդ վիրավորվել է:

Արդյունքում` ամբողջ երկրում լայն տարածում են գտել ահաբեկչությունները, որոնց նպատակն են ինչպես շիաներն, այնպես է փոքրամասնություն կազմող սուննիները: Շաբաթվա ընթացքում հարձակումների զոհ է դարձել ավելի քան 200 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ տուժել են: