Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրից մինչ այսօր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի խախտման 50 դեմք է գրանցվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշել է «Բարեւ Երեւան» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը:
«Ընտրական օրենսգիրքը խախտում են միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները, ովքեր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հանդիպումների ժամանակ տեսանկարահանում են հանդիպմանը մասնակցող մարդկանց դեմքերը»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք արդեն այդ խախտումների հետ կապված դիմել են ԿԸՀ: Իոաննիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառներ են փակցնում այնտեղ, որտեղ դա արգելված է օրենքով: «Օրինակ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաստառները տպագրվել է 7 հազար տպաքանակով, այնինչ Երեւան քաղաքում պաստառ փակցնելու տեղերի թիվը 1300 է: Մնացած պաստառները փակցվում են դրանց համար չնախատեսված վայրերում, խանութների ու սննդի օբյեկտների պատուհաններին: Դա որոշակի հոգեբանական ազդեցություն է ընտրազանգվածի վրա: Դրանով նրանց ուզում են ցույց տալ, որ ՀՀԿ-ն ամենուր է»,-կարծիք է հայտնել նա:
Իոաննիսյանը նշել է, որ քարոզչական պաստառներ փակցնելու համար նախատեսված ստենդների վրա ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառները փակցնում են օրնեքի խախտումով: «A3 չափի պաստառի փոխարեն նրանք ավելի մեծ պաստառներ են փակցնում, նաեւ մի քանի փաստառներ են փակցնում, որը եւս օրենքի խախտում է»,-ասել է նա:
Բացի այդ, ըստ թեկնածուի, մարզպետները իրենց մարզի բնակիչներից անձնագրի տվյալներ են հավաքում, ովքեր գրանցված են Երեւանում, որպեսզի ապահովեն նրանք քվեարկությունը ՀՀԿ-ի օգտին:




























