Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանn, ապրիլի 29-ին, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին, դատավորներին եւ դատարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ դատավոր Լիզա Գրիգորյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական դեպարտամենտից:

Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 4-ի հրամանագրով:

Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ եւ հանդիսավոր պայմաններում դատավորը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:

Ձեւավորված ավանդույթի համաձայն` դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձեւաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Այս հանդիպմանը եւս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: