Ներկայումս ընթացող քարոզարշավը ընտրախախտումների առումով ոչնչով չի տարբերվում նախորդ քարոզարշավներից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշել է «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն սկսել են ընտրակաշառքների բաժանումը, որը կատարվում է բարեգործության անվան տակ: «Քաղաքացիները օգնության համար դիմումներ են գրում, որոշ տեղերում գումարն անմիջապես են տալիս, կամ խոստանում են տալ ընտրություններից հետո: Մենք ահազանգեր ենք ստանում, սակայն մարդիկ վախենում են բաց հայտարարել, որ ընտրակաշառք են ստացել: Հենց մեր ձեռքին փաստ լինի, մենք կդիմենք համապատասխան մարմիններին»,-ասել է նա:
Անդրադառնալով տեղական եւ միջազգային սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումներին, Սանասարյանը նշել է, որ այդ տվյալներին չեն հավատում նույնիսկ հանրապետականները, քանի որ հակառակ դեպքում՝ չէին խոչընդոտի «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպումները:
Հարցին, թե ինքու իրենք չեն համագործակցում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ՝ ընտրախախտումների դեմ պայքարի հարցում, Սանասարյանն պատասխանել է, որ դա անիմաստ է: «Երբ ԲՀԿ-ն հայտարարում է խախտումների դեմ պայքարի մասին, իսկ ինքը ընտրակաշառք է բաժանում, ո՞րն է համագործակցության նպատակը»,-ասել է Սանասարյանը:




























