Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղի հարյուրավոր բնակիչներ, այսօր` ապրիլի 30-ին, մեքենաներով եւ մետաղի ջարդոններով փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Համբերդի հատվածում ՀԷԿ-ի շինարարությունը:  Նրանք ջրի հսկայական խողովակներ են դրել փողոցում, որպեսզի երթեւեկությունը տվյալ հատվածում դադարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք դժգոհել են, որ պարսիկների կողմից կառուցվող ՀԷԿ-ի պատճառով իրենք զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից օգտվելու հնարավորությունից:

Տեւական ժամանակ երթեւեկությունը դադարեցվել է, սակայն իրավապահների հետ բանակցություններից հետո, նրանք բացել են ճանապարհը: Ուջանցիները զգուշացրել են, որ եթե խնդրին լուծում չտրվի, գալու են կառավարության շենքի մոտ եւ ընդհուպ ինքնահրկիզման են դիմելու: