Հայաստանում այրի կանանց թիվը 4 անգամ ավելի է, քան այրի տղամարդկանցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ընտանիքի կառուցվածքի փոփոխությունների դինամիկան:
2001 թվականի հետ համեմատած, նախկինում չամուսնացած տղամարդկանց տեսակարար կշիռն ավելացել է 30,6 տոկոսից հասնելով 32,1 տոկոսի, ամուսնացած տղամարդկանց թիվը նվազել է 65 տոկոսից հասնելով 63 տոկոսի: «Այստեղ մենք, բացի ՔԱԳՎ-ում գրանցվածից, ներառում ենք նաեւ փաստացի ամուսնությունների թիվը»,-ասել է Կույումջյանը:
Ամունսալուծված տղամարդկանց թիվը կազմել է 1,2 տոկոս, կանանցը՝ 3,8 տոկոս: Հատկապես մեծ է տարբերությունը ամուրի կանանց եւ տղամարդկանց միջեւ (13,9 տոկոս եւ 3,2 տոկոս):
1990-ականների համեմատությամբ, բարձրացել է ամուսնության տարիքը. Եթե այն ժամանակ ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 27-ն էր, իսկ կանանց համար՝ 22,3-ը, ապա ներկայումս այդ ցուցանիշները կազմում են 29,6 եւ 25,1:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























