Հայաստանի գլխավոր դատախազությունը ստացել է Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի դիմումին: Հարցին, թե հնարավոր է այն ուղարկվի ՀՔԾ, մամուլի քարտուղարը հայտնեց, որ լրացուցիչ կտեղեկացնեն:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցութունում, կատարելով  ուսումնասիրություն, կազմել են նամակ եւ դիմել դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։ «Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որեւէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում, նկատի ունենք Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության հիման վրա»,- ասել է Լեւոն Զուրաբյանը: