2013թ-ին համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850 ամյակը: Հայտնի է, որ ստեղծման օրվանից հոգեւոր երաժշտությունն ու տաճարի աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնը  անբաժան են  եղել նրա կյանքից:

Տաճարի 850-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ.-ի մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգեւոր եւ համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու են 850 համերգներ, որոնց ընթացքում հնչելու են  Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված եւ հնչած ստեղծագործություններ: 

Միջոցառումը համակարգում են տաճարի եւ միջազգային երգեհոնային կազմակերպությունները, իսկ այս բացառիկ նախագիծը լուսաբանելու են  համաշխարհային կարեւորագույն լրատվամիջոցները:

Հայաստանն, ի դեմս Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, եւս այս հսկայական մշակութային նախագծի մասնակիցն է եւ մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի միջազգային օրվան նվիրված հայաստանյան համերգը մեր երկրի լավագույն երգեհոնահարների մասնակցությամբ:

Համերգի համակարգող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի փոխանցմամբ՝ կնհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երկացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա.Բակունցը, Հ.Թագվորյանը, Դ.Գիլանյանը, Թ.Ոսկանյանը, Կ.Հովհաննիսյանը, Տ.Բունիաթյանը, Հ.Մանուկյանը, Ա.Առուստամյանը, Ա.Աղաջանյանը, Լ.Մարտիրոսյանը, Մ.Դոլմազյանը, Ն.Գրիգորյանը, ինչպես նաեւ «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները: