Դամասկոսի Ալ-Մերժե շրջանում, որտեղ գտնվում է նաեւ Հայաստանի դեսպանատունը, ահաբեկչության հետեւանքով դիվանագիտական առաքելության աշխատակիցներ չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` նկատելով, որ պայթյունը եղել է Սիրիայի Հայաստանի դեսպանատան խաչմերուկի մոտ: Բալայանի խոսքով, տվյալ պահին հայտնի չէ` կա՞ն արդյոք տուժածների թվում սիրիահայեր, թե՝ ոչ, տվյալները ճշտվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, հայտնել էր, թե ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, տուժել է ավելի քան 70 մարդ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում, շենքերին եւ մեքենաներին մեծ վնաս է հասցվել: Ռուսական լրատվամիջոցները նշել էին, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա: Դեսպանատան աշխատակիցները պարզում են` կան արդյոք ռուսաստանցիներ տուժածների թվում:






























