Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի կառույցի ղեկավար Պետրոս Գեւորգյանի որդին` Գեւորգ Գեւորգյանը, հերքում է ՀԱԿ-ի նախկին ակտիվիստ Արման Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 25-ին իրենք շտաբի ներսում աշխատում էին, բուկլետներ էին ծալում, եւ լսեցին ձայներ, ՀԱԿ ակտիվիստ աղջիկներից մեկը կանչում է իրեն դուրս եւ հայտնում, որ այնտեղ ինչ-որ բան է կատարվում: Գեւորգ Գեւորգյանի պատմելով`  դուրս գալուց  հետո պարզվում է, որ Արման Առաքելյանը ծեծի է ենթարկում իր կնոջը, իսկ վերջինս օգնություն է կանչում, ըստ որում` ՀԱԿ ակտիվիստ աղջիկները տեսել են նաեւ, թե ինչպես շտաբի մոտ 30-40 մետր ամուսինը քաշ է տալիս կնոջը: Գեւորգ Գեւորգյանը շեշտում է, որ միջադեպի ժամանակ ոչ իր եղբայրը` Ֆելիքս Գեւորգյանը, ոչ ՀԱԿ ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը, այդտեղ չեն եղել, այդտեղ են եղել միայն ՀԱԿ ակտիվիստ աղջիկները, այդ թվում` իր քույրը: Նա նաեւ հերքեց Արման Առաքելյանի այն հայտարարությունները, թե իրեն ծեծի են ենթարկել վերջիններս, երբ ինքը գնացել էր պարզաբանելու, թե ինչու իրենից թաքուն իր կնոջը կանչել են քարոզչությամբ զբաղվելու:

«Դա ՀԱԿ-ի հետ կապ չունի, դա իրենց անձնական, ընտանեկան խնդիրն է, որը պետք է լուծել մեզնից հեռու: Իր կինը գոռացել է օգնեցեք, բոլորը վազել են, որ տեսնեն` ինչ է եղել, ինքը ահավոր ծեծել է իր կնոջը: Հետո իմացանք, որ ինքը խմած է եղել»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը` հավելելով, որ իր կնոջ` քարոզչական աշխատանքներում ներգրաված լինելը գաղտնի չի եղել, իրենք մշտապես զանգահարում են իրենց ակտիվիստներին, հրավիրում շտաբ:

Նա նշեց նաեւ, որ Արման Առաքելյանը բոլորովին այլ թեմայով է բողոք ներկայացրել ոստիկանություն, մինչդեռ այլ բան է ներկայացնում լրատվամիջոցներում: Գեւորգ Գեւորգյանի փոխանցմամբ`  ՀԱԿ անդամը բողոք է ներկայացրել, որ Ֆելիքս Գեւորգյանը սիրահետել է իր կնոջը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերջինս ամուսնացած է, ունի կին եւ երեխաներ եւ նման բան հնարավոր չէ:

Նա նաեւ նշեց, որ Արման Առաքելյանը եւ իր կինը ՀԱԿ կուսակցության անդամ են, իր կինը մասնակցել է ՀԱԿ-ի համագումարին, իսկ վերջինս չի մասնակցել ընտանեկան խնդիրների պատճառով: «Կինն էլ կարող է ասել, որ ինքն ընդհանրապես տուն էլ չի գնում, ընտանեկան խնդիրներ ունի, որը մեզ ոչ հետաքրքրել է, ոչ էլ տեղյակ ենք, ինքը եկել է 1.5 տարի ՀԱԿ, ակտիվիստ է եղել, նախագահական ընտրություններին եղել է ՀԱԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ: Դա իրենց անձնական խնդիրն էր եւ չէին ցանկանա միջամտել»,- ասաց նա:

Իսկ թե որտեղից են առաջացել կապտուկներն Արման Առաքելյանի մարմնին, նա նշեց, որ տեղյակ չէ, ապա հավելեց, որ ինքը խմած տարբեր տեղեր կարող է գնալ, իսկ ՀԱԿ-ում նման բաներ չեն կատարվում, վերջին երկու ամիսներին շտաբ չի եկել, որովհետեւ շտաբի պետը` Պետրոս Գեւորգյանը, ասել է, թե խմած մի արի:

Հիշենենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արման Առաքելյանը պատմել էր, թե ապրիլի 25-ին ժամը 17.00-ին Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակ կառույցի գրասենյակի մոտ ՀԱԿ ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը եւ ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գեւորգյանի որդին` Ֆելիքս Գեւորգյանը, ծեծի են ենթարկել իրեն:

Նա նշել էր,  որ մոտ մեկ տարի առաջ խզել է կապերը ՀԱԿ դաշինքի հետ: Դրանից հետո ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբից, իրենից գաղտնի, զանգահարում են կնոջը եւ առաջարկում աշխատանք` քարոզչական բուկլետներ բաժանել 60 հազար դրամով՝  խոստանալով ապահովել գաղտնիությունը, որպեսզի ամուսինը չիմանա: Բայց Արման  Առաքելյանն իմանում է այդ մասին եւ գնում ՀԱԿ-ի Աջափնյակի գրասենյակ` փորձելով պարզաբանել իրավիճակը, թե ինչու իրենից գաղտնի իր կնոջը կանչել են աշխատանքի:

Արման Առաքելյանը պատմել էր նաեւ, որ շտաբի մոտ իրեն ՀԱԿ ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը, ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գեւորգյանի որդին` Ֆելիքս Գեւորգյանը ծեծի էին ենթարկում, վիրավորում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, պատռում հագուստը: