Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեր երկրում եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, եւ այդ հարաբերությունների զարգացման գործում, Հանրապետության Նախագահի համոզմամբ, մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչեւ այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից մեկն է եւ դա, Սերժ Սարգսյանի խոսքով, պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:

Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորել են նաեւ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության զարգացումը եւ ակտիվ փոխշփումները: ՀՀ Նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ: Հյուրերի խնդրանքով, Հանրապետության Նախագահը ներկայացրել է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումները: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բարձր մակարդակի, ջերմ ընդունելության համար եւ հաջողություններ մաղթել Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: