Գյումրիում տեղի ունեցած դեպքերը անընդունելի եւ անհասկանալի են, բայց այդքան դեպքը չէր, ինչքան դրա շուրջ ստեղծված աղմուկը, աժիոտաժը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ մի երկու անգամ քննարկելով, այս հարցում 100-տոկոսանոց արդյունք չենք կարող ակնկալել, լուրջ աշխատանք է պետք տանել, որպեսզի փոխվի բարոյահոգեբանական վիճակը, մարդիկ իրար հետ նորմալ հարաբերություն ունենան:
Նա նշեց, որ այսպիսի հանցագործություններ շատ են լինում, ոչ առաջին օրն է, ոչ էլ վերջին, լիքը հանցագործություններ են եղել, որոնց մասին այսքան ոչ գրվել է, ոչ էլ խոսել են, հանցագործության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի հասարակության եւ պատկան մարմինների կողմից, որոնք էլ զբաղվում են դրանով:
Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ պետք է քրտնաջան աշխատանք տարվի, նաեւ` անհատական աշխատանք, որպեսզի այսպիսի դեպքերը կանխեն, չթողնենք, որ նման դեպքեր լինի եւ որից հետո սկսեն մատ թափ տալ: Նա նշեց, որ ինքը ամեն րոպե տեղյակ է դեպքերից, իրեն զեկուցում են եւ որպես մարզպետ` ինչ պետք է, անում է, բայց չի կարող ասել, թե հատկապես ինչ է անում: «Ես չեմ ուզում ասել` ինչ եմ անում, ինչ չեմ անում, այսպիսի դեպքերում ես հաշվետու չեմ ոչ մեկին: Խոսել եմ մարդկանց հետ, չեմ ցանկանում այդ թեմաներով բացահայտ խոսել»,- ասաց նա: Մարզպետը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, նա հույսը դրել է մարդկանց հասկացողության վրա, «չի կարող հավերժ լինել նման բաները»:
Մարզպետը շեշտեց, որ թյուր կարծիք է ձեւավորված, թե Գյումրիում հանցագործությունները ավելի շատ են, քան այլ վայրերում, պարզապես անունն են դրել, այդքան էլ այդպես չէ, եւ եթե վերցնենք վիճակագրությունը, կտեսնենք, թե որ մարզում ինչքան հանցագործություն կա: «Հազարումի բան է եղել, պետք չի ամեն ինչ դնել, քննարկել կլանային, մաֆիոզ եւ այլն, այդ ձեւով չեմ նայում այդ հարցերին, դեռ այն ժամանակներից շատ տարածված էր մալյա-մալյա կռիվը, «Բոշի մալյան» կռվում էր «Սլաբոդկի» հետ, «Սլաբոդկան»` «Թուրքի մայլի» հետ, ջահելները միշտ էդ կռիվները ունեին եւ այլն: Կռվել են, խփել են, տենց բաներ կլինեն, պիտի կանխվի բնույթը, թե չէ էն որ կռիվ կլինի, մարդ կխփեն, գիտենք, որ կլինի: Պետք չի այդպես մոտենալ, Գյումրիում եղել են այդպիսի բաներ, տղայական բաները այստեղ ավելի շատ են ընդունված, քան մեկ ուրիշ տեղ, դրանից բխող տխուր հետեւանքներ լինում են: Կլանային կռիվներ չեմ տեսնում, մալյա, մալյա էլ չէ, այժմ դա վերածվել է ուրիշ բանի», -ասաց մարզպետը
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այժմ ամեն ինչ նորմալ է, ոչ մի ռազմական վիճակ չկա Գյումրիում, կյանքում շարունակվում է: «Եղել է, մարդ են խփել, ցավում եմ, մարդ է մահացել, ցավում եմ, որ նման դեպքեր են լինում, բնականաբար իմ քաղաքն է, իմ ապրելու վայրն է, ո՞նց կարող է ես դրա վրա ուշադրություն չդարձնեմ կամ չմտածեմ այդ մասին, բայց որ ասենք սրանով վերջ, չէ, ամեն ինչ իր տեղն է, կյանքը շարունակվում է:»,- ասաց մարզպետը:


























