Չկասկածեք, որ ՕԵԿ-ը հաղթելու է եւ կտեսնենք, թե ինչպիսի Երեւան ենք ունենալու: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

«Տեսնելով մեր բնակչության առջեւ այսօր ծանրացած խնդիրները, իրոք անկախ քեզնից, որպես կառավարության անդամ, որպես ղեկավար, որպես կուսակցական, վատ ես զգում, քանի որ կան խնդիրներ, որոնք տեղում կարելի է լուծել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն լուծվել: Կան տեղեր, որ տեսնում են քեզ որպես ղեկավարի ու զզվում են քեզանից: Ի՞նչն է պատճառը: Պատճառն այն է, որ ղեկավարները քիչ են շփվում ժողովրդի հետ, հետեւաբար մենք պետք է ստիպենք որ յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդիրները կատարի»,- ընդգծեց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ դա անելու են միասին:

Նա նշեց, որ իրենց գլխավոր մեխն այն է, որ քաղաքապետը պետք է եռամսյակը մեկ ելույթ ունենա, իսկ երեւանցիներն իրենց հուզող հարցերն ուղղեն նրան: Արմեն Երիցյանը նշեց, որ դրան հասնելու համար պետք է սիրել Երեւանը, իսկ ինքը սիրում է Երեւանը, Հայաստանը եւ խորհուրդ տվեց չկասկածել, որ հաղթելու են: