Երեւանի Ազատության հրապարակում 20 րոպե ուշացումով սկսվել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանրահավաքի սակավաթիվ մասնակիցներին եւ բոլոր երեւանցիներին, ովքեր պատրաստվում են մայիսի 5-ի ընտրություններում քվեարկել այնպես, ինչպես փետրվարի 18-ին: «Մենք պետք է կողմնորոշվենք, ցանկանում ենք ապրել քաղաքում, որը պատկանում է օլիգարխների խմբին, թե՞ քաղաքում, որ մեզ է պատկանում: Մայիսի 5-ի ընտրությունները Նոր Հայաստանի նոր փուլերից է: Հիշեք, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի շարքերում չկան օլիգարխներ, այնտեղ արժանավոր մարդիկ են հավաքվել, որոնք պատրաստ են ծառայել ժողովրդին»,- ասել է Սաֆարյանը:

Նա հավաքվածներին նաեւ շնորհավորել է Աշխատավորների օրվա կապակցությամբ` նշելով, որ աբսուրդ է տոնել այն` հաշվի առնելով գործազրկության ու արտագաղթի բարձր մակարդակը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am