Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը շատ կարեւոր է, քանի որ այդ պայքարը ոչ թե քաղաքապետի պաշտոնի համար է, այլ՝ ընդդեմ քաղաքական մենաշնորհի, որը կանգնել է երեւանցիների կոկորդում: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ բավական դաժան բան է այս ժամին ժողովրդին հավաքել Ազատության հրապարակում, սակայն դա նշանակում է, որ հավաքվել են «Բարեւ Երեւան» դաշինքին եւ «ժառանգություն» կուսակցությանը հավատարիմ մարդիկ:
Նրա խոսքով՝ Երեւանի կառավարման համակարգում ձեւավորվել է այնպիսի քաղաքական մենաշնորհ, որը ծառայում է բացառապես օլիգարխների եւ նրանց մտերիմների շահերին: «Այս ընտրությունները բացառիկ են իրենց բնույթով, քանի որ երեւանցիները հնարավորություն կստանան թոթափել այդ քաղաքական մենաշնորհը եւ վերադարձնել իշխանությունը»,-ասել է Հակոբյանը:
Նա նաեւ նշել է, որ փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերը բազմիցս հայտարարել են քաղաքական մենաշնորհի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, սակայն դրան զուգահեռ թիկունքում աշխատել են ժողովրդական շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: «Այսօր ես ձեզ չեմ խնդրում քվեարկել «Բարեւ Երեւան» դաշինքի դեմ, ես խնդրում եմ մայիսի 5-ին գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել խղճի մտոք»,-ամփոփել է նա:




























