Պակիստանյան բանտում սպանել են Հնդկաստանի օգտին լրտեսության համար դատապարտված Սարաբժիտ Սինգհին, եւ դա կարող է սրել հարաբերությունները Նյու-Դելիի եւ Իսլամաբադի միջեւ:

Սինգհը ձերբակալվել էր 1991թ. եւ դատապարտվել մահապատժի լրտեսության եւ 14 մարդու կյանք խլած չորս պայթյունների համար: Չորս տարի առաջ Փերվեզ Մուշարաֆը հետաձգել էր մահապատժի իրագործումը՝ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի խնդրանքով:

Gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, հայտնում է, թե Սարաբժիտ Սինգհին դանակահարել են խցակիցները, նա մահացել է բանտի հիվանդանոցում:

Հնդկաստանի վարչապետն արդեն Twitter-ում հայտարարել է, թե Սինգհի մահվան մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն: «Ցավալի է, որ Պակիստանի կառավարությունը չլսեց մեր խնդրանքն ու մարդասիրություն չդրսեւորեց»,- գրել է նա: