Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 4 տուժածներին Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:
Նա նշեց, որ ամենածանրը 41-ամյա Մալվինա Ղազարյանի վիճակն է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Մյուս վիրավորների` 23-ամյա Գրիգոր Ավետյանի, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանների վիճակը կայուն ծանր է, նրանց մոտ առկա է ոսկորների կոտրվածքներ, համակցված տրավմաներ, շոկային վիճակ: Նրանց բոլորին տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:
Վթարի հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը:
Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 23-ամյա Գրիգոր Ավետյանը, 41-ամյա Մալվինա Ղազարյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները:


























