Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` առեւտրային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու եւ փաստթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առեւտրային կազմակերպության տնօրենը 2011թ. հուլիսի 28-ին կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի նախկին վարկառուներից մեկի անվամբ, առանց վերջինիս գիտության, ձեւակերպել եւ ստացել է 12 000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:

Մասնավորապես` առանց համապատասխան քվորում ապահովելու, հաճախորդի տուն այցելելու, բիզնես վերլուծություն կատարելու, առանց տրված վարկի գումարը շարժական գույքի գրավով ապահովելու` առեւտրային վարկային փաթեթներից պատճենահանել է նախկին վարկառուի անձնագրի պատճենը, ՍՊ ընկերություններից մեկից նրա անվամբ ձեռք է բերել իրավունք վերապահող աշխատավարձի չափի մասին կեղծ տեղեկանք:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ եւ 325-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: