Ընթացիկ տարվա մարտին, ինչպես բնակարանների, այնպես էլ առանձնատների մասով պաշատոնական վիճակագրությունն աճ է արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն: Այսպես, մայրաքաղաքում ստանդարտ առանձնատան (250 քմ տարածքով, 400 քմ հողատարծքով) մեկ քմ-ի միջին շուկայական գինն այս փուլում աճել է 16,2 հազ. դրամով:
Ընդ որում առանձնատների «քառակուսու» ամենամեծ աճն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում (20,6 հազ. դրամով), այնուհետեւ հաջորդում են «Էրեբունի» (19,8 հազ. դրամ), «Քանաքեռ-Զեյթուն» (18,8 հազ. դրամ) եւ «Դավթաշեն» (18,2 հազ. դրամ): «Կենտրոն» էլիտար թաղամասում էլ միջին գնի աճը կազմել է «ընդամենը» 15,2 հազ. դրամ:
Եթե իրականում արտագաղթ (փորձագետների գնահատականներով` այն տարեկան 15-20 հազ. մարդ է կազմում) գոյություն ունի, ապա այն կարող է բնակարանների էժանացման հանգեցնել:
Գների դինամիկայի վերաբերյալ հետաքրքիր եզրակացություն արեց «Բարս» ռիելթորական ընկերության տնօրեն Մարինա Չատինյանը: Նրա խոսքով` Հայաստանը ժամանակին հաջողությամբ խուսափեց գների կտրուկ անկումից, ինչը հետճգնաժամային փուլում արձանագրվել է աշխարհի շատ երկրների շուկաներում:
Մեզ մոտ գների անկումն այդքան կտրուկ չէր, այնպես որ հակառակ գործընթացը նկատելի չէ, իսկ գուցեեւ, ընդհանրապես չկա: Մարինա Չատինյանը կիսում է իր գործընկերների կարծիքը, թե մայրաքաղաքում բնակարանները չեն թանակացել: Ի դեպ, նշենք մի զարմանալի «երեւույթ»: Բացի մայրաքաղաքից, առանձնատները թանկացել են հանրապետության մյուս քաղաքներում եւս:
Սակայն այստեղ մի զավեշտ կա. խնդիրն այն է, որ տարվա ընթացքում առանձնատան «քառակուսին» թանկացել է 6,0%-ով, այն դեպքում, երբ դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է 6,6%-ով: Աննշան, սակայն առաջին հայացքից աճի տեմպում «զիգզագները» հանգեցել են դոլարային համարժեքով նույն առանձնատների էժանացման:
Այսպես, այսօր մայրաքաղաքում առանձնատների մեկ քմ-ի միջին շուկայական գինը տարվա ընթացքում նվազել է 4,0 դոլարով, իսկ ընդհանուր գինը` 0,9 հազ, դոլարով: Այսինքն, դոլարային համարժեքով մայրաքաղաքում առանձնատների արժեքը մի թեթեւ շեղվել է դեպի նվազումը:
Երեւանի վարչական շրջաններում ստանդարտ առանձնատան գների վերաբերյալ կոնկերտ տվյալներն արտացոլված են ստորեւ ներկայացված գծապատկերում:

Ալբերտ Խաչատրյան




























