Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագրողական երկար տարիների կենսագրություն ունեցող հեղինակի առաջին գեղարվեստական ժողովածուն է:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրքում տեղ են գտել Մարգարիտ Եսայանի գեղարվեստական նոթերը, պատմվածքները եւ մեկ վիպակ, որոնք ներկայացվել են նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսաց լեզուներով:

Գիրքը, որը հրատարակվել է հեղինակի միջոցներով, բարեգործական նպատակ ունի. գոյացած ողջ հասույթը, ինչպես նշեց Մարգարիտ Եսայանը, կտրամադրվի սոցիալապես անապահով մեկ կամ մի քանի ընտանիքի:

Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ «Գժանոց կամ թեժ աշուն» ժողովածուն գրել է վերջին 4-5 տարիների ընթացքում, այժմ նա սկսել է երկու գիրք գրել, որոնցից մեկը կրկին պատվածքներ կամփոփի, իսկ մյուսը նվիրված է հայոց ցեղասպանությանը՝ հիմնված իրական պատմությունների վրա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մարգարիտ Եսայանին գրքի հրատարակման առթիվ եւ բարձր գնահատել նրա պատգամավորական գործունեությունն ու դերակատարությունը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում:

Գրքի հրատարակման առթիվ հեղինակի գրական մուտքը արձակի աշխարհ արժեւորել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, նշելով, որ ժողովածուում դիպուկ ներկայացված են 21-րդ դարը, մեր կյանքը, կենցաղն ու հոգսերը:

Մարգարիտ Եսայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ գրքի շնորհանդեսն օրենսդիր մարմնում կազմակերպելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նման շնորհանդեսներն ԱԺ-ում շարունակական կլինեն եւ ընթերցողների սեղաններին կդրվեն պատգամավոր-հեղինակների ստեղծագործությունները: