Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 2-ին հանդիպել է «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:
Արտակ Դավթյանը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, Սահմանադրությամբ վերապահված գործառույթներն ու լիազորությունները, օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը երկրի քաղաքական-հասարակական կյանքում: Հանձնաժողովի նախագահը մանրամասնել է օրենքի ստեղծման շղթան՝ նախաձեռնությունները շրջանառության մեջ դնելու, մասնագիտացված հանձնաժողովներում, այնուհետեւ լիագումար նիստերում քննարկելու կարգերը:
Ուսանողներն Արտակ Դավթյանին ուղղել են թե կրթության համակարգին վերաբերող, թե հասարակությանը հուզող սոցիալական, տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: Պատասխանելով կրթության բնագավառում առաջիկա տարիներին կատարվելիք բարեփոխումների մասին հարցին՝ բանախոսը նշել է, որ դրանք լինելու են 2011-2015 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում ամրագրված գաղափարներին համահունչ: Փոփոխություններն ընդգրկելու են նախադպրոցականից մինչեւ գիտության ոլորտները. Արտակ Դավթյանն առանձնացրել է հանրակրթական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրումը, բարձրագույն կրթության ոլորտում բոլոնյան գործընթացին ինտեգրումը եւ մասնավորապես կրեդիտային համակարգի կիրառումը: Իսկ գիտության ոլորտում ծրագրվել է տարեցտարի ավելացնել ֆինանսավորման ծավալները:
Հանդիպումից հետո ուսանողներն ու դասախոսներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

























