Անկեղծ կլինենք ինքներս մեր հանդեպ. մենք ավելի շատ ժողովուրդ էինք սպասում հանրահավաքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը, ով վարում էր հանրահավաքը:

Նա նշեց, որ իրենք գումար չեն բաժանում, մայրաքաղաքի հաշվին բարի գործեր չեն անում, կեղծ խոստումներ չեն տալիս, հարցեր չեն լուծում: «Նույնիսկ նման քիչ քանակով մարդկանց ներկայությունը վկայում է այն մասին, որ մենք ապագայի կուսակցություն ենք»,-ասաց նա:

«Եթե մենք վատ ղեկավար ունենք, մենք պետք է փոխենք նրան: Տեսեք, թե որքան մարդ է լքել երկիրը եւ հենց վկայում է այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը»,-նշեց նա՝ հավելելով, որ «Առաքելությունն» ընդդիմադիր ուժ է եւ թող ոչ ոք չփորձի սուտ լուրեր տարածել:

Սուքիասյանը ներկաներին վստահեցրեց, որ իրենք գործելու են ընդդիմադիր ճամբարում, չեն խանգարելու ոչ մեկին եւ նման խնդիր չունեն: «Մեր կուսակցությունը չի կանգնեցնի գործընթացը, թող ոչ ոք դա կասկածի տակ չդնի»,-ասաց մանուկ Սուքիասյանը:
Իր ելույթի վերջում նա ներկաներին կոչ արեց մայիսի 5-ին մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: «Ձայնն ու անձնագիրը մեր բոլորի հպարտության աղբյուրն է»,-ասաց նա:

Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ հայտնի հայ ռեփեր ՀՏ Հայկոն: