Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀԿ գործադիր մարմնի  նիստում դրական է գնահատվել ՀՀԿ քաղաքական թիմի եւ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչության ընթացքը: Այս մասին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝  նիստում մեկ անգամ եւս կարեւորվել է ընտրությունների ժողովրդավարական ընթացքը եւ իրենք որպես քաղաքական իշխանություն պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն  շատ բարձր մակարդակի եւ համապատասխանեն ստանձնած պարտավորություններին:

Նա նաեւ նշեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբն արդարացված է համարում բակային հանդիպումների մարտավարությունը: «Մեր թեկնածուն արդեն ունեցել է մոտ 120 հանդիպում, որին մասնակցել է շուրջ 95 հազարից ավելի մարդ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի դիտարկմանը, թե այսօրվա հանրահավաքում Գագիկ Ծառուկյանն ասել է, թե գնում են հաղթանակի եւ այս դեպքում ՀՀԿ-ն ո՞ւր է գնում, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն գնում է  դեպի ապահով Հայաստան եւ դեպի ավելի լավ Երեւան: Մենք յուրայինների նկատմամբ հաղթանակ չենք տոնում: Մեզ համար բոլոր ներկայացված ուժերն օտար չեն: Իրենք յուրայիններ են, իսկ յուրայինների նկատմամբ հաղթանակներ չեն տոնում, այլ հաջողություններ են արձանագրվում: Տարոն Մարգարյանն ապացուցել է, որ ինքը տեղյակ է  երեւանցիների դարդ ու ցավից եւ պատրաստ է լսել մեր ազգաբնակչության հորդորները, խորհուրդները ինչու չէ նաեւ քննադատությունը»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի  այն հայտարարություններին, թե իրենց գլխավոր նպատակը քաղաքական մենաշնորհի վերացումն է, Շարմազանովն ասաց. «Իմ հարգարժան այլընտրանքային գործընկերները քաղաքական մենաշնորհ ասելով կամ միտումնավոր խեղաթյուրում են կամ ամբողջությամբ չեն պատկերացնում: Ինչպես կարելի է խոսել քաղաքական մոնոպոլիայից, եթե մի քաղաքական ուժ ունի 37 պատգամավորական մանդատ, կամ, երբ ՀՀԿ-ն գնաց ազգային կոնսոլիդացիայի եւ կոալիցիա կազմելու ճանապարհով: Եթե չկար կոալիցիա, իրենք ի՞նչ էին անում կոալիցիայում: Եվ, եթե այդքան շատ մտահոգված էին իրենց երեխաների, նոր սերնդի ապագայով, ես իրենց հարց եմ տալիս. «3 ամիս առաջ նախագահական ընտրություններին, որ ծպտուն չէիք հանում, մոռացե՞լ էիք երեխաների մասին»: