Այսօր՝ մայիսի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի:
Հիշեցնենք, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը պահանջում է, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանն իրեն հանձնի կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերն ու արխիվը:
Այս առնչությամբ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Այսօր Երեւանի Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից 2009 թ-ին խայտառակ կերպով վտարված Լ. Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի:
Այսպիսով, եւս մեկ անգամ վերահաստատվում է, որ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր քաղաքական գիծն առանց վտարված եւ վարկաբեկված կերպարների՝ ատենապետությամբ ընկ. Գեւորգ Պերկուպերկյանի եւ Հայաստանի վարչության: Արդարությունը եւ կուսակցական կարգապահությունը վերջապես վերականգնված է:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողական համքարությանը ՍԴՀԿ-ի մասին հոդվածներ տպելիս՝ հիշել, որ Լ. Սարգսյանը, Գ. Եղիազարյանը, ովքեր իրենց հնչակյան են հորջորջում, ոչ մի կապ չունեն 125 ամյա Մայր կուսակցության հետ, խայտառակ ձեւով վտարվել են, որը այսօր հերթական անգամ փաստվեց Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում»։
Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանը եղել է ՍԴՀԿ ատենապետ, սակայն հետագայում նա եւ Գուրգեն Եղիազարյանը կուսակցության համագումարում հեռացվել են կուսակցությունից: Վերջիններս այդ համագումարն անօրինական են համարում:


























