Հնդկական Ջամմու եւ Քաշմիր նահանգի բանտում հարձակում են գործել ցմահ ազատազրկման դատապարտված Պակիստանի քաղաքացու վրա: Միջադեպը տեղի է ունեցել պակիստանյան բանտում հնդիկ Սարաբջիթ Սինգհի սպանությունից մեկ օր անց:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը, 1990թ ահաբեկչության համար դատապարտված պակիստանցու վրա է հարձակվել մի հնդիկ, ով մահապատժի է դատապարտված եղել սպանության համար: Հնդկաստանի ՆԳՆ-ն նախօրեին բոլոր ուղղիչ հաստատություններին հանձնարարել էր ուժեղացնել մոտ 200 պակիստանցի բանտարկյալների պաշտպանությունը` մտավախություն ունենալով, որ նրանց վրա կարող են հարձակվել` Սինգհի վրեժը լուծելու համար:

Հիշեցնենք, որ Սինգհը, ով մայիսի 1-ի գիշերը մահացել էր բանտային հիվանդանոցում, 16 տարի առաջ դատապարտվել է համապատժի`լրտեսության եւ պակիստանյան Փենջաբ նահանգում 1990թ մի շարք պայթյունների կազմակերպմանը հանցակից լինելու համար: Նախորդ շաբաթ Լահոր քաղաքի բանտում նա դաժանաբար ծեծի էր ենթարկվել այլ բանտարկյալների կողմից եւ 5 օր կոմայի մեջ գտնվել: Փաստաբանի խոսքով, Սինգհին մինչ այդ սպառնացել էին:

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ, դիվանագետներին թույլ չեն տվել այցելել հիվանդանոցում գտնվող Սինգհին եւ նրա առողջական վիճակի մասին շատ քիչ տվյալներ են հաղորդել: Պակիստանը եւս հրաժարվել է նրան բուժման համար Հնդկաստան ուղարկել: Տղամարդու վրա հարձակման պատմությունը մեծ արձագանք է առաջացրել նրա հայրենիքում: