Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստացել է պարզել «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա կատարված հարձակումը:

Դատախազության կոլեգիայի նիստից հետո կայացած ճեպազրույցում, երբ Շամշյանը տեղեկացրել է դեպքի մասին, Աղվան Հովսեփյանը պահանջել է դեպքի մասին գրավոր հաղորդում ներկայացնել: «Ես որպես գլխավոր դատախազ, պահանջում եմ, որ Դուք ներկայացնեք մեզ Ձեր տեսանյութը եւ ձայնագրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պարզելու»,- ասել է Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին Գագիկ Շամշյանը բռնության էր ենթարկվել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ:

Լրագրողը առավոտյան դատախազության շենքի մոտ փորձել է լուսանկարել դատախազության աշխատակիցներին, երբ իր վրա է հարձակվել 30-ամյա մի երիտասարդ, որը լրագրողի հասցեին սեռական հայհոյանքներ է տեղացել եւ մի քանի րոպե շարունակ հարվածներ հասցրել Շամշյանի դեմքին ու մարմնի այլ մասերին: Ի դեպ, պարզվել է, որ հարձակում կատարածը դատախազության հետ որեւէ կապ չունի, այլ ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից է:

Շամշյանը քիչ առաջ NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ իրեն հետազոտել են «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ լրագրողի մոտ ուղեղի ցնցում չկա, սակայն ականջի թաղանթի արյունազեղում է եղել: