Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ Մաշտոցի պողոտայում մուրացկանությամբ զբաղվող կինն օգնություն է ստացել:
Պաշտպանի աշխատակազմը մայիսի 2-ին ահազանգ է ստացել, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում: Պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը անմիջապես մեկնել է նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ Մուրադյանը կապվել էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի եւ Ոստիկանության հետ՝ նրանց նույնպես ներգրավելով խնդրի լուծման մեջ:
«Պարզվել է, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ միասին Մասիս քաղաքից եկել էր Երեւան մուրացկանության միջոցով գումար վաստակելու նպատակով: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր եւ երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան եւ չի կարողանում պահել ընտանիքը:
Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն եւ ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ ուղեւորվել տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ կնոջ վրա առկա են եղել նաեւ բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել:
Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության եւ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ:
Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու եւ երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը գրություններ է պատրաստվում ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին եւ Ոստիկանություն»,-ասված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

























