Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվելու ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Թեեւ դեռ պաշտոնապես չի հրապարակվել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը, բայց հստակ է, որ նրա պաշտոնին նշանակվելու է Վահրամ Շահինյանը:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ Վահրամ Շահինյանից. «Ես դեռ չգիտեմ,  եթե դուք ինձնից շուտ եք իմացել` ի՞նչ ասեմ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Վահրամ Շահինյանը նշեց նաեւ, որ իրեն այդ մասին դեռ ոչինչ չեն ասել, նոր պաշտոնին անցնելու մասին տեղեկություններ չունի եւ աշխատում է իր տեղում: Հարցին, թե ցանկություն ունեք այդ պաշտոնին աշխատել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, պիտի հասկանամ` ի՞նչ է»:  Դիտարկմանը, թե նման քննարկումներ եղել են նախապես. «Ի՞նչ ասեմ, եթե նախապես խոսվեր, կիմանայի»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին առավոտվանից տեղեկություններ են շրջանառվում լրատվամիջոցներում, սակայն դրանք առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: ՀՔԾ պետը եւ նրա տեղակալը չեն պատասխանում հեռախոսազանգերին: ՀՔԾ-ից եւս տեղեկություն չեն տրամադրում` հայտնելով, որ իրենք բանավոր հարցերին չեն պատասխանում: Դատախազությունում եւս տեղյակ չեն այդ պաշտոնանկության մասին

Նշենք, որ ՀՔԾ պետը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է ՀՀ նախագահի հրամանով:  Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ բոլոր փաստաթղթերը, նախագահի ստորագրած բոլոր հրամանները ողջամիտ ժամկետներում եւ պատշաճ ձեւով տեղեկացվում են բոլոր ԶԼՄ-ներին եւ տեղադրվում են «president.am» կայքում:

Նշենք, որ այս պահի դրությամբ՝ ՀՀ Նախագահի կայքում ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին որեւէ տեղեկություն չկա։