Հայաստանի նախագահը հրաման է ստորագրել` աշխատանքից ազատելով Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին եւ նրա փոխարեն նշանակել Վահրամ Շահինյանին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից :«Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ Անդրանիկ Միրզոյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանում նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ Վահրամ Շահինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ»:
Ի դեպ, ժամեր առաջ Վահրամ Շահինյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր ՀՔԾ պետ նշանակվելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին առավոտվանից տեղեկություններ են շրջանառվում լրատվամիջոցներում, սակայն դրանք առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: ՀՔԾ պետը եւ նրա տեղակալը չեն պատասխանում հեռախոսազանգերին: ՀՔԾ-ից եւս տեղեկություն չեն տրամադրում` հայտնելով, որ իրենք բանավոր հարցերին չեն պատասխանում: Դատախազությունում եւս տեղյակ չեն այդ պաշտոնանկության մասին
Նշենք, որ ՀՔԾ պետը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է ՀՀ նախագահի հրամանով:




























