Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաեւ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչեւ 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու եւ դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առեւտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը եւ այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:
Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ եւ օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2007թ. օոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային եւ այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաեւ ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաեւ Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձեւակերպումների հանձնել է իրական սեփականատերերին եւ իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:
Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու եւ կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:
Ա.Այրումյանի եւ Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել եւ խուսափել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։
Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել եւ վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության եւ բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարգրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել եւ թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետեւ կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին եւ Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:



























