Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարում է Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ հայ ժողովրդի պատմության եւ հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար:
Մրցույթի պայմանները․
Մրցույթին կարող են մասնակցել 2007-ից մինչեւ 2012 թվականները հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով հայ ժողովրդի պատմության եւ հայոց տեղանվանագիտության ոլորտում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տպագրված մենագրությունների Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հեղինակները:
2013թ․ մրցույթին դիմողները պետք է դիմելու ժամանակ աշխատելիս լինեն Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունների գիտակրթական որեւէ հաստատությունում, այդ թվում՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Մատենադարան
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ
ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ
Հայաստանի ամերիկյան համալսարանի համապատասխան ամբիոններ եւ կենտրոններ
Արցախի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետներ
Եվ այլն:
Մրցանակը կարող է շնորհվել նաեւ ետմահու: Այս պարագայում մրցանակի համար պետք է դիմեն գիտնականի բարեկամները կամ գործընկերները:
Մրցույթին ներկայացվող մենագրությունը պետք է առնվազն երկու անգամ գրախոսված լինի տեղական կամ միջազգային ակադեմիական պարբերականներում:
Մրցույթին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով):
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք [email protected] հասցեին Melik-Bakhshyan վերնագրով նամակում, մինչեւ 2013թ․ օգոստոսի 31-ն ուղարկել հետեւյալ փաստաթղթերն ու հարցերի պատասխանները:
1. Առանձին թերթիկ, որի վրա հերթականությամբ զետեղված կլինեն հետեւյալ հարցերի պատասխաները։
ա) Անուն, ազգանուն, հայրանուն (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն)
բ) Աշխատանքի վայրը, գիտական հետաքրքրությունների շրջանակը
դ) Մրցույթին ներկայացվող մենագրության ամբողջական տվյալները
ե) Տվյալ մենագրության վերաբերյալ տպագրված գրախոսականների ամբողջական տվյալները
2. Ակադեմիական ինքնակենսագրական
3. 2 երաշխավորագիր Հայաստանի Հանրապետությունում բնակվող, աշխատող կամ սովորող գործընկերներից, ուսանողներից եւ այլն
4. Մենագրության վերաբերյալ գրված գրախոսականների պատճենը
5. Մենագրության առաջին էջի եւ մենագրության մասին տեղեկություն պարունակող այլ էջերի պատճենը (անհրաժեշտության դեպքում մենագրության հեղինակից կպահանջվի նաեւ տրամադրել ամբողջական մենագրությունը):
Մրցանակային ֆոնդը կազմում է մինչեւ 400.000 ՀՀ դրամ, որը հատկացրել են Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի կինը՝ Արփենիկ Քաջբերունի Ներսիսյանը, որդին՝ Մհեր Մելիք-Բախշյանը, թոռները՝ Արամ Բիշարյանն ու Խաչիկ Գեւորգյանը եւ Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ուսանողները, բարեկամները, գործընկերներն ու ընկերները:
Մրցույթի կազմակերպումն իրականացվում է Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի – ԱՐՄԱԿԱԴի հետ համագործակցությամբ:
Նշենք, որ Ստեփան Մելիք-Բախշյանը 1953թ․ հրատարակել է «Պավլիկյան շարժումը Հայաստանում» մենագրությունը, իսկ 1968 թվականին՝ «Հայաստանը 7-9րդ դարերում»:
Նրա հայագիտական հետազոտությունների հանրագումարը 5 հատորանոց «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանն» է: Այն ընդգրկում է պատմական Հայաստանի եւ Կիլիկիայի եւ հարակից շրջանների շուրջ 140.000 տեղանուն:

























