Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հերքում է Իսպանիայում շքեղ վիլլա ձեռք բերելու մասին տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ խոսակցություններն «անհեթեթություններ են, ամոթ է, ինչի՞ մասին է խոսքը»

«Իսկ հասցե կա՞: Ճշտեք, թե հասցեն որն է, մեծ սիրով բոլորովին կհրավիրեմ այնտեղ հանգստանալու, կամ էլ երբ ուզեք բանալիները կտամ, կգնաք: Բացառվում է, Իսպանիան սիրում եմ, բայց վիլլա գնելու հնարավորություն չունեմ, ինչ վիլլա, մի քառակուսի մետր էլ չունեմ»,- ասաց նախկին նախարարը:

Նա նշեց, որ քաղաքաշինության ոլորտում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարանը, ինքը տեղյակ չէ ընթացքից, ընդամենը մի անգամ հարցաքննվել է:

Նշենք, որ ««Ժամանակի» տեղեկություններով՝ Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում։ «Այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին: Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեց նաև, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում: Ճիշտ է, այդ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուներ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Փոխարենը քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանիայում շքեղ վիլլա է գնել»,- գրել է  «Ժամանակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա: