Մամուլի ամբողջ մարմինը կա` մնում  գլուխը, եթե դա էլ լինի, ամբողջական տեսքը կստանանք: Այս մասին, այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ շնորհավորելով մամուլի ազատության օրը:

Նրա խոսքով ՝ պետք է մամուլը դարձնել «հասարակական երեւույթ»: Գալուստ Սահակյանը նշեց, որ մամուլի սպառողը քիչ է, իսկ դրա հիմնական մեկենասները պետք է լինեն լրագրողները եւ գնան ճշմարտության հետեւից:  «Այդկերպ սպառումը կբարձրանա, լրագրողներն իրենց սոցիալական խնդիրները կլուծեն եւ ավելի անկախ կլինեն»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ ինքը երեւի միակն է, որ ինչ խոսում են, քննադատում են, չի փոխադարձում, քանի որ դրանք անձնական չեն լինում: «Երբեմն այնքան շատ եմ շփվում, որ խմբագիրներն իրենց լրագրողներին ասում են. «Այնպես արա, որ ընդդիմադիր, քննադատական լինի»: Լրագրողն էլ ամբողջ տեքստը նույնն է թողնում,  վերնագիրը խճողված մի բան է դնում, իբրեւ թե չարախոսում է իմ դեմ: Դա էլ պետք է լինի: Այդ տեսանկյունից, մենք ձեր պռոդուկտն ենք որոշ առումով: Բայց նաեւ ուրախանում եմ, որ դաշտը կա: Մամուլից չի կարելի նեղանալ, խռովել, հայհոյել, կարելի է միայն պատասխանել: Հիմա մեկը կարողանում է պատասխանել, մյուսը բռունցքն է ցույց տալիս: Սա էլ ժամանակի խնդիր է եւ կլուծվի»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am