Կոալիցիա կազմելն ինքնանպատակ չէ, որ ասենք լավ տղերք են, մենք էլ ենք լավ տղերք, եկեք կոալիցիա կազմենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար կոալիցիա կազմում են, սակայն ընտրություններից կես տարի առաջ դուրս են  գալիս եւ հարվածում իշխանությանը: «Այդպես վարվում են ադեի փեշի տակից դուրս եկողները, որոնք անընդհատ կոնֆետից օգտվում են, հետո ասում են ինչո՞ւ թաքուն՝ ադեի շորի տակից վերցնենք, միանգամից դուրս կգանք: Հետո էլի հուսախաբվում են ու փորձում համաձայնությունների գալ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողները հիշեցրեցին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատգամավորներին ուղղված հայտնի հարցը՝ «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա», եւ հետաքրքրվեցին, թե ԱԺ-ում գողականներ կա՞ն: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ ԱԺ-ում չի կարող գողական պատգամավոր լինել, քանի որ ստացվում է, որ ժողովուրդը գողերին է ընտրել: Լրագրողի առաջարկին, թե թող գողական կանչեն ու այդ հարցերը պարզեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Ինչի ես ի՞նչ եմ եղել, չեմ կարո՞ղ պարզել, որ հրավիրենք»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am