Իրենք անպայման փորձում են մեր հետեւում տեսնել մութ եւ մեծ ուժեր, ինչը քաղաքական դաշտին բնորոշ Է։ Այս մասին, այսօր՝  հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանն՝ անդրադառնալով ՀԱԿ տարածած հայտարարությանը Լյուդմիլա Սարգսյանի հայցադիմումը մերժելու վերաբերյալ։

Նա նշեց, որ ՍԴՀԿ-ն գրանցված է եղել դեռեւս առաջին հանրապետության օրոք, երրորդ հանրապետության ժամանակ այն վերագրանցվել է, այդ օրվանից գործում է  եւ այժմ իրենք այդ 126-ամյա կուսակցության իրավահաջորդն են։ Գեւորգ Պերկուպերկյանն ասաց, որ իրենք ընդդիմադիր դաշտում են, իշխանության մեջ ոչ մի լծակ չունեն։ «Խնդիր կա ներկայացնելու, թե իրենք ոչ թե պարտվել են երիտասարդների, այլ մեր հետեւում տեսնեն իշխանությունների, տարբեր կառույցների, որպեսզի ցույց տան, թե մենք կհաղթեինք, եթե այդպես չլիներ։ Լուրջ չէ, որ իշխանություններն իրենց  բանուգործը թողած պիտի հեռախոսները վերցնեն, զանգեն՝ ասեն էս հարցը սենց լուծենք, նենց լուծենք, մենք լրիվ իրավական հիմքերն ունենք»,- ասաց նա։

Գեւորգ Պերկուպերկյանը նշեց, որ իրենք օրենքի սահմաններում դատարան են ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ ինչ անհրաժեշտ չի եղել, չեն ներկայացրել։  Նա հիշեցրեց, որ այն երիտասարդները, որոնք ակցիաներ էին անցկացնում ՀԱԿ կազմում, այդ ժամանակ լավն էին, ինչպես իրենք, երբ Գուրգեն Եղիազարյանին ձերբակալած ժամանակ հացադուլ էին արել: «Ցավոք, մարդիկ ամնեզիայով են տառապում, հոգեկան խանգարումով»,-ասաց նա:

«Ես կուսակցական շահը չեմ գերադասի մանդատի կամ պաշտոն ստանալու համար, կուսակցությունը ունի իր սկզբունքները։ Մենք օդից եկած մարդիկ չենք, եղել ենք կուսակցության մեջ, տարբեր պաշտոններ, պարտականություններ ստանձնելով եկել հասել ենք վարչության կազմ»,- նշեց Պերկուպերկյանը:

ՍԴՀԿ վարչության ատենապետը պարզաբանեց, որ Լյուդմիլա Սարգսյանի եւ Գուրգեն Եղիազարյանի հետ անհամաձայնությունը եղել է ոչ թե անձնական, այլ կուսակցական հողի վրա, օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված իրենք այլ տեսակետ ունեին, կողմնակից էին կուսակցության ակտիվ գործողություններին, ոչ թե դրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին համաձայնեցնելուն։  «Երբ ՀԱԿ-ը սկսեց իշխանափոխությունից դուրս գործառույթներ իրականացնել, մենք ունեինք ուրիշ վերաբերմունք հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, իշխանությունների հետ պայմանավորվածություն չկար։ Մենք ընդհանրապես խնդիր չունեինք  ՀԱԿ-ի հետ, մենք չենք հրաժարվել նրանցից, նրանք որոշեցին, որ մենք ՍԴՀԿ-ն չենք, նրանք են ՍԴՀԿ-ն է»,- ասաց նա։

ՍԴՀԿ վարչության ատենապետը նաեւ կարծիք հայտնեց, որ 2008թ շարժումը էլ չի կրկնվի, դրա  ամենամեծ ձեռքբերումներից է ազատ խոսքը, ազատ մամուլը, որը բավականին լավ ազդեցություն ունեցավ։

Ասուլիսի մյուս բանախոսի՝ փաստաբան Վահագն Մանուկյանի խոսքով՝  շուրջ մեկ տարի տեւած դատական գործընթացն անցել է արդար եւ օբյեկտիվ, ընթացել է բազմակողմանի դատաքննություն, կազմվել է  օրենքի սահմաններում դատական ակտ, համաձայն որի՝  Լյուդմիլա Սարգյանի հայցը մերժվել է, իսկ իրենց հակընդդեմ հայցը բավարարվել է։ Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ վճիռը հրապարակվելուն պես  մեկամսյա ժամկետում կողմը բողոքարկման իրավունք ունի, եթե չբողորքակի, ապա մեկամսյա ժամկետից այն  կմտնի ուժի մեջ։  Իսկ թե ինչպես են պատրաստվում կնիքը, կուսակցության փաստաթղթերը, գույքը եւ արխիվը վերցնել Լյուդմիլա Սարգսյանի եւ նրա կողմնակիցների ձեռքից, Վահագն Մանուկյանն ասաց, որ ամեն ինչ կանեն օրենքի սահմաններում, հարկադիր կատարողների միջոցով։

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դատարանի կողմից Լյուդմիլա Սարգսյանի հայցի մերժումը քաղաքական վենդետա է:

«ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։ Իր այս որոշմամբ դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի:

Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական վարչախմբի դեմ ծավալված համաժողովրդական շարժման կողքին՝ ակտիվորեն մասնակցելով նրա պայքարին։ Դրանով ռեժիմը պատժում է կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կազմում խորհրդարանում ծավալած գործունեության համար:

Արդարադատություն իրականացնելու կոչված դատարանի արածն այլ բան չէ, քան քաղաքական վենդետա, ոտնձգություն քաղաքացիների՝ ազատ ասոցիացիաների սահմանադրական իրավունքի դեմ։ «Հայ ազգային կոնգրեսը» դատապարտում է վարչախմբի հերթական այս ապօրինությունը, որը կշտկվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգը»,-ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am