Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների շարքում առաջատարը սոցիալ-տնտեսական խնդիրներն են եւ դավաճանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, մամուլի ասուլիսում նշել է Կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի ղեկավար Արմեն Եզեկյանը:

«Իրավաբանության տեսանկյունից, ամուսնությունը դա միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ՝ ուղղված համատեղ կյանքով ապրելուն, երեխաներ ունենալուն եւ նրանց դասիարակելուն: Այսինքն ամուսնությունը, որպես իրավական կատեգորիա, ունի որոշակի նպատակ»,-նշել է Եզեկյանը: Հետեւաբաը, ըստ նրա, ամուսնությունը խզվում է, երբ այն չի ծառայում որոշակի նպատակների:

«Հայ հասարակության մեջ իրավագիտակցությունն այնքան բարձր չէ, քանի որ շատ հաճախ զույգերը չեն գիտակցում, որ կարող են ամուսնացած համարվել միայն Քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում (ԶԱԳՍ) գրանցվելուց հետո»,-հայտարարել է Եզեկյանը:

Անդրադառնալով ամուսնալուծությունների խնդրին, նա ընդգծել է, որ ըստ Հայաստանի օրենսդրության, ամուսնալուծության համար ոչ մի հիմք կամ պատճառ չի նախատեսված: «Յուրաքանչյուր քաղաքացի ամուսնության, ինչպես նաեւ ամուսնալուծության իրավունք ունի»,-ընդգծել է Արմեն Եզեկյանը: