«Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ մասնակցելով Երեւանու ավագանու ընտրություններին Նորք Մարաշ վարչական շրջանի 10/13 ընտրատեղամասում։ Նա քվեարկության էր եկել տիկնոջ հետ։
Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Առաքելյանը հայտարարել է, որ հրաշալի տրամադրություն ունի. «Ավելի քան համոզված եմ, որ իր առաքելությունը կատարելով ընտրություններում, երեւանցին կքվեարկի էական փոփոխությունների համար եւ ժամանակի ընթացքում կստանա այն մայրաքաղաքը, որի մասին երազում է»,-ընդգծել է Առաքելյանը։
Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքում ընտրախախտումներին, թեկնածուն ընդգծել է, որ տեղյակ է մամուլում տեղ գտած հաղորդագրություններին, մասնավորապես, ընտրատեղամասերի մոտ առկա կուտակումներին. «Իհարկե, 2 ժամ է, ինչ քվեարկությունը սկսվել է։ Կգա ժամանակը եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք տեղի ունեցող ընտրախախտումների վերաբերյալ»,-նկատել է Առաքելյանը։
Ի պատասխան այն հարցին, արդյոք նա հույս ունի, որ այս անգամ ընտրությունները թափանցիկ եւ արդար կլինեն, Մեսրոպ Առաքելյանը ընդգծել է, որ դա կախված չէ մեր հույսերից, քանի որ ոչ քարոզարշավի շրջանակներում, ոչ էլ, առավել եւս, քվեարկության ընթացքում իրական, հեղափոխական փոփոխություններ չեն եղել։ Սակայն Առաքելյանը հույս է հայտնել, որ ոչ իշխանական ուժերը հանձնաժողովների իրենց անդամների եւ վստահված անձանց հետ կազմակերպված կերպով կհետեւեն քվեարկության ընթացքին։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում ընթանում են ավագանում արդեն երկրորդ ընտրությունները։ Ամբողջ մայրաքաղաքում բացվել են 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:




























