Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այն համոզմունքին եմ, որ համակարգային փոփոխություններ առաջարկող դաշինքը մեծ հնարավորություն ունի նույնիսկ միայնակ մեծամասնություն ձեւավորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ով իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28 ընտրատեղամասում։ Արմեն Մարտիրոսյանը միայնակ էր եկել քվեարկության, որովհետեւ, նրա փոխանցմամբ, ընտանիքի բոլոր անդամները հանձնաժողովի անդամներ են ընտրատեղամասերում:
Արմեն Մարտիրոսյանը հերքեց լուրերն այն մասին, թե ՀԱԿ ներկայացուցիչները վերջին օրերին հայտարարել էին ընդդիմադիրների միավորման երդման մասին։
«Ես որեւէ երդման արարողության չեմ մասնակցել, բայց բազմիցս ասել եմ, որ հնարավոր է՝ ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն, թեեւ ես այն համոզմունքն ունեմ, որ համակարգային փոփոխություններ առաջարկող դաշինքը մեծ հնարավորություն ունի նույնիսկ միայն մեծամասնություն ձեւավորել:
«Ժառանգությունը» համարում է, որ ընդդիմադիր ուժերի միավորումը հնարավոր է, բայց նշում, որ պետք է քվեարկության փուլն անցնել եւ տեսնել, թե որ քաղաքական ուժը ինչպիսի դիրքորոշում, վարքագիծ կդրսեւորի։
Գուցե իմ պատասխանից ենթադրվի, թե «Ժառանգությունը» չի միանա ընդդիմադիր ուժերին։ Ուղղակի այս պահին որեւէ բան քննարկել մեծ հաշվով պետք չէ, որովհետեւ մենք ունենք քվեարկության մեկ ամբողջ օր, քվեարկություն եւ հաշվարկ, իսկ դրանից առաջ ունեցել ենք քարոզարշավ, մնում է՝ տեսնենք, թե ինչպես է ընթանալու օրը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Իշխանական թեւի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Չարժեր տալ այդ հարցը»։




























