Երեւանի թիվ 13/15 տեղամասում (194 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահի կարճատեւ բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, տեղամասում ներկա են անհայտ անձինք: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը:
Ստորեւ ներկայացնում ենք կենտրոնի ներկայացրած այլ ընտրախախտումներ:
07/28 տեղամասում` 111 դպրոց, Լուկաշին փ., արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի կողմից: Միեւնույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը եւ «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանն ուղղորդում են ընտրողներին, ելումոտ են անում, դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս: 12:40
13/23 տեղամասում` 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին եւ պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ, Էրեբունի տաքսի սերվիս բերում է մարդկանց ընտրական տեղամաս: 12:35
13/17 տեղամասում` 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը, արգելելով ազատ տեղաշարժը տեղամասում: 12:32
08/19 տեղամասում (179 դպրոց, Ա-3 թաղամաս) ընտրողը քվեախցիկում քվեարկելուց հետո լուսանկարել է սեփական քվեաթերթիկը` խախտելով քվեարկության գաղտնիության պարտականությունը: Հանձնաժողովի նախագահն ընդամենը նախազգուշացրել է ընտրողին, որ դա անթույլատրելի է, այնուհետև ընտրողին թույլ է տրվել քվեարկության ծրարը նետել քվեատուփ: Խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում այն չնկատելու պատճառաբանությամբ 12:27
08/06 տեղամասում`9 դպրոց, Բատիկյան փողոց, մեկը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, սակայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նկատել է դա, երկրորդ քվեաթերթիկը առգրավվել եւ ճղվել է, այս պահին արձանագրություն են կազմում: 12:22
08/08 տեղամասում, որտեղ հարձակվել էին «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ-ների ներկայացուցչի եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի վրա, դիտորդ Լենա Նազարյանը iLur.am-ի թղթակցին հայտնել է, որ այդ տեղամասում ներկա են ՀՀԿ-ի միանգամից չորս վստահված անձինք: Տեղամաս է ժամանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վարազդատ Խաչատրյանը, ով թղթակցին հայտնել է, որ գրանցամատյանում Հանրապետական կուսակցությունից միայն մեկ վստահված անձ կա, սակայն ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, մինչեւ Վարազդատ Խաչատրյանի ժամանելը մյուս երեքը դուրս են եկել ընտրատեղամասից:


























