Շատ ուրախ եմ, որ ընտրությունները անցնում են կոռեկտության սահմաններում, արդեն 12.00-ն է, որեւէ լուրջ ահազանգ չկա, որեւէ խոչընդոտ, լուրջ դժգոհություն չկա, ուրախ կլինեմ, որ մինչեւ 20.00 ընտրությունները անցնեն կոռեկտ, հաշտության, համերաշխության մթնոլորտում: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ւնչ վերաբերում է կնիքները ցնդելու, ընտրակաշառքներ բաժանելու մասին ահազանգերին, ապա նա նշեց, որ կարծես թե սովորել են այդ խոսակցություններին մինչեւ ընտրությունները, ընտրությունների ընթացքում, բայց երբ սկսում են քննարկել իրավական հիմքերը, ոչ մի հիմք չկա: «Տեղյակ եմ, որ մինչեւ այս պահին լուրջ խախտում չկա, ինչ վերաբերում է կնիքների հետ կապված, ես տեղեկացված չեմ, համոզված եմ, որ լուրջ խնդիր չի կարող լինել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանվելու մասին տեղեկություններին` ԱԺ նախագահ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որեւէ տեղեկատվություն չի ստացել, եթե որեւէ ահազանգ լինի, անպայման հայտարարություններ կլինեն, իրավապահ մարմինները կզբաղվեն: «Համոզված եմ, որ ընտրակաշառք բաժանելը անխոհեմ քայլ է, եւ քաղաքացիները ձեռնպահ կմնան կաշառք վերցնելուց եւ որեւէ թեկնածուի ձայն տալուց»,- ասաց նա:

Մեկնաբանելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժ կիրառելու մասին խոսակցություններին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ուրբաթ օրը երեկոյան հավաքվել են շտաբում նախագահի գլխավորությամբ, բոլոր պատասխանատուները ներկա են եղել, Սերժ Սարգսյանը տվել է շատ խիստ հանձնարարական, ամեն ինչ անել, որ որեւէ մի դեպք չարձանագրվի, նույնիսկ ձեռնպահ մնան այն քաղաքական ուժերի պրովոկացիաներից: «Համոզված եմ, որ մեր թիմը ամեն ինչ անելու է, որ ընտրությունը անցնի հաշտ եւ համերաշխ»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե «այս ընտրությունները ՀՀԿ-ի երիտասարդ գվարդիայի համար փորձություն է, կա պայքար երիտասարդների եւ ավագների թեւերի միջեւ»: ԱԺ նախագահը հերքեց այդ տեղեկությունները, շեշտելով, որ իրենց կուսակցությունում չկան թեւեր. «Չկան թեւեր մեր կուսակցությունում, չգիտեմ, որ կուսակցությունում ինչ կա, բայց մեր կուսակցությունում որեւէ թեւ չկա, ջահելների թեւ եւ այլն: Ամեն դեպքում ունենք կուսակցություն, թիմ, թիմի ղեկավար, բոլորս հավաքված ենք գաղափարների շուրջ, փորձում ենք իրականացնել գաղափարները: Ինչ վերաբերում է շտաբը ջահելներին ենք վստահել, այդպես չէ, ամբողջ կուսակցությունը աշխատում է, մենք բոլորս մասնակցում ենք, եւ պարբերաբար շտաբը զեկուցում է Գործադիր մարմնին իր աշխատանքներին մասին, եթե կան առաջարկություններ, դիտողություններ մեր կողմից, ասվում է, շտաբը ընդունում է, իրականացնում է»,- ասաց նա: