Բանգլադեշի մայրաքաղաք Դակկայի արվարձանում շինության փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 590-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 540 զոհերի մասին։ Ինչպես փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով զինվորականներին, մայիսի 5-ի տվյալներով հայտնաբերվել է 590 մարմին։
8 հարկանի Rana Plaza շինությունը փլուզվել է ապրիլի 24-ին։ Սավար քաղաքում տեղակայված շինությունում ճաքեր հայտնվել են միջադեպի նախօրեին, սակայն ֆաբրիկայի ղեկավարությունը համոզել է աշխատակիցներին վերադառնալ իրենց աշխատատեղերը։
Նախնական տվյալների համաձայն, ողբերգության պատճառը 4 գեներատորներից եկող ուժեղ տատանումներ են եղել։ չնայախ, որ դրանք խախտում են բոլոր կանոնները, դրանք, այնուամենայնիվ, տեղադրվել են շինությունում։ Երբ դրանք կրկին սկսել են գործել էլեկտրականության անջատումից հետո, դրանց տատանումները համընկել են հազարավոր կարի մեքենաների տատանումներին, իսկ ռեզոնանսն էլ հանգեցրել է շինության փլուզման։ Քննչական տեղեկությունների համաձայն, շինությունը կառուցվել է «կոմերցիոն շահագործման» համար, այլ ոչ թե որպես ֆաբրիկա այն շահագործելու։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ է հաղորդվել, շինության 3 հարկերը կառուցման պատվերի մեջ չեն մտել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Բանգլադեշի օրինապահ մարմինները Հնդկաստանի հետ սահմանին ձերբակալել էին փլուզված շինության սեփականատեր Մոհամմեդ Սոհել Ռանուին։ Տարբեր տվյալների համաձայն, հետաքննության շրջանակներում իշխանությունները ձերբակալել են 8-12 մարդու, այդ թվում՝ ինժեներին, ով ավելի վաղ կանչվել էր գնահատելու շինության վրա հայտնված ճաքերի վտանգավորության աստիճանը։

























