«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու որեւէ հարց չենք քննարկել, ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն, կքննարկենք նման հարցեր: Այս մասին, այսօր` մայիսի 5-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ոչ մի բան ես չեմ բացառում, քաղաքի կտրվածքով եթե լինի կոալիցիա, շատ լավ կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ յուրաքանչյուր ողջամիտ քայլ ինքը ողջունում է, ողջունում է նաեւ ընդդիմության համախմբումը, կարեւորը, որ նրանք հավաքվեն ողջամիտ գաղափարների շուրջ, որոնք բխում են պետության, ժողովրդի շահերից, երկրի կայունությունից:

Անդրադառնալով Կառավարության կազմում փոփոխություններին` Հովիկ Աբրահամյանը չասաց, թե քանի նախարար կփոխվի` խորհուրդ տալով սպասել եւս 2 օր եւ նշելով, որ կանխատեսումը լավ գործ չի: Դիտարկմանը, թե դուք գիտեք, թե որ նախարարներ են փոխվելու, նա հակադարձեց. «Հիմա ինչ գիտեմ, պիտի ասե՞մ ձեզ: Իմանամ, եթե պարտավոր եմ ասել, ասեմ»: