Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը գնահատում է նորմալ, թեեւ ՀՀԿ-ականների հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը` գնահատելով ընտրությունների ընթացքը:

«Ընտրությունների մեկնարկը եւ ընթացքը գնահատում ենք նորմալ: ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտռաբը հետեւում է ընտրությունների ընթացքին, ինչպես մյուս շտաբերի կողմից լրահոսում տեղ գտած ահազանգերին, եւ շտաբն ինքն էլ ահազանգեր է ստանում, մասնավորապես կրկնակի, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ, ընտրողների տեղափոխման, ընտրակաշառքի հետ կապված»,- նշեց Շուշան Սարդարյանը եւ հավելեց. «Որոշ տեղամասերում կուտակումներ կան, նաեւ առանձին տեղամասերում սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչում ՀՀԿ ներկայացուցիչների հասցեին: Բոլոր ահազանգերն արձանագրվում են շտաբում, ուսումնասիրվում եւ ներկայացվում իրավապահ մարմիններին` համապատասխան ընթացք տալու համար»:

Շտաբի մամուլի պատասխանատուն չմանրամասնեց, թե որ ուժերի կողմից են հնչում սպառնալիքները: