Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը` քվեարկելով Երեւանի ավագանու ընտրություններում (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Տեր-Պետրոսյանը քվեարկել է Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում: Նա տեղամաս էր եկել կնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, հարսի եւ թոռների ուղեկցությամբ:
Լրագրողների հետ զրույցում առաջին նախագահը հրաժարվել է խոսել ակնկալիքների մասին: Նա բոլորին կոչ է արել գնալ եւ մասնակցել ընտրություններին: «Ժողովուրդը պետք է ի վերջո հասկանա, որ քաղաքականության մեջ մասնակցում է ընտրությունների միջոցով: Նրանք, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, դժգոհ լինելու իրավունք չունեն»,- ասել է նա եւ հավելել. «Օգտվելով առիթից կոչ եմ անում ողջ ժողովրդին գնալ եւ քվեարկել ում ցանկանում են»:
Հարցին, թե որ հանուն որ Երեւանի է քվեարկել, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Հայաստանի մայրաքաղաք Երեւանի»:
Հարցին` արդյոք հայկական ֆենոմեն է, որ կուսակցությունները չեն մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն մասնակցում են տեղական մարմինների ընտրություններին, առաջին նախագահն առաջարկել է այդ հարցի պատասխանը ինքնուրույն գտնել. «Ինձ այդ հարցը չի հետաքրքրել, եւ դրա պատասխանը չեմ որոնել»:
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին ընթանում են Երեւանի ավագանու ընտրությունները: Առաջադրվել են վեց կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով: ՀԱԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























